Jump to content

Դավիթ Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Դավիթ Յան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1968(1968-06-03) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունMIPT Department of General and Applied Physics?
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
 David Yan Վիքիպահեստում

Դավիթ Յան (հունիսի 3, 1968(1968-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, Էբբի համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր։

Կենսագրություն

Հայրը չինացի է, իսկ մայրը՝ հայ, երկուսն էլ ֆիզիկոսներ, աշխատել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Ծնվել և մեծացել է Հայաստանում, ավարտել է ֆիզմաթ դպրոցը, ապա ուսումը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետում՝ պաշտպանելով «DSL բառարանների նկարագրության լեզուն» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Այնուհետև նա պաշտպանել է ատենախոսությունը տեքստերի օպտիկական ճանաչողության տեխնոլոգիաների վերաբերյալ։ Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի ոլորտներում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։

1989 թվականին, սովորելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, Դավիթ Յանը միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Մոսկալևի հետ համատեղ հիմնադրել է Bit Software ընկերությունը, որը 1997 թվականին վերանվանվել է ABBYY Software House-ի։ Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն՝ 130 երկրներից։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը, որը նրան մեծ ճանաչում է բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում[2]։

2018-ից մինչև 2021 թվականը Forbes անձնագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ երկու հարյուր գործարարների շարքում էր։ Ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։

Նախագծեր

ABBYY (Էբբի)

ABBYY Software House (մինչև 1997 թ. BIT Software), ռուսական ծրագրային ապահովում արտադրող ընկերություն, որի հիմնական արտադրանքի ոլորտներն են՝ տեքստերի ճանաչում (OCR), կիրառական լեզվաբանություն և արհեստական ինտելեկտ, մասնավորապես՝ տեքստերի ճանաչման և բնական լեզուների մշակման զարգացում։

ABBYY ընկերության ամենահայտնի արտադրանքներից են տեքստերի ճանաչման ABBYY FineReader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանների ընտանիքը։ ABBYY ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Խմբի մեջ մտնող այլ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր Ռուսաստանում։ Ընկերության արտադրանքներով աշխարհում օգտվում են մոտ 30 միլիոն մարդ։

Iiko(Այկո)

iiko ընկերությունը զբաղվում է ռեստորանների և հյուրանոցների, ինչպես նաև բենզալցակայանների բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ։ Iiko-ն ստեղծել է CRM-համակարգը, որը հնարավորություն է տալիս հետևել վաճառքի գործընթացին և անվտանգությանը, ինչպես նաև դիտել ամբողջ լոգիստիկան օնլայն-ռեժիմում։ Iiko.NET ցանցը, որի զարգացման վրա ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կենտրոնացնել իր ուշադրությունը, իրենից ներկայացնում է սոցիալական ցանցում ներդրված համակարգ, որտեղ գնորդները կարող են կուտակել և փոխանցել ռեստորանային զեղչեր, ինչպես նաև վիրտուալ փողերով վճարումներ կատարել սրճարաններում և բենզալցակայաններում։ Օրինակ՝ ռեստորան այցելած մարդը՝ ներկայացնելով սոցիալական ցանցում իր ID համարը, կարող է ոչ միայն զեղչեր ստանալ, այլև վերադարձնել ծախսված գումարի մի մասը՝ այդ հաստատությունը խորհուրդ տալով իր ընկերոջը և ստանալով ռեստորանում զեղչ ընկերոջ հաշվի մոտավորապես 5-10%-ի չափով[4]։

Findo

2014 թվականին Դավիթ Յանը և GVA LaunchGurus-ի հիմնադիր, ամերիկացի գործարար Գերի Ֆաուլերը ԱՄՆ-ում ստեղծել են Findo ընկերությունը[5][6]։ 2016 թվականի սկզբին Դավիթ Յանը հայտարարեց Faindo համակարգի մեկնարկի մասին, որը կարող է աշխատել ձայնային հարցերի հետ, տեղեկատվություն, ֆայլեր, նամակներ և կոնտակտներ փնտրել ամպային կրիչներում, սոցիալական ցանցերում և օգտատերերի սարքերում` սմարթֆոններում, նոութբուքներում, համակարգիչներում։ Սկզբում համակարգը աշխատում էր միայն անգլերենով, բայց մշակողները հայտարարեցին նոր լեզուների ավելացման մասին կախված տարածաշրջանային կարիքներից։ Փնտրման համակարգը աշխատում է Dropbox, Evernote, Gmail, Google Drive, OneDrive, Outlook, Yahoo Mail, iCloud-ի և այլ սերվիսների հետ[7]։ Հիմնադրման պահից ընկերությունը մասնակցել է ֆինանսավորման 3 փուլերի, հավաքել է ընդհանուր առմամբ 7 մլն $։ Դրանցից 3 մլն $-ը ներդրել է ABBYY-ն, ևս 3 մլն Flint Capital[5][8]։

Yva.ai

2018 թվականին Դավիթ Յանը Findo-ի հիման վրա ստեղծել է նոր Yva.ai նախագիծը։ Դա արհեստական բանականության վրա հիմնված բիզնեսի արդյունավետության և աշխատակիցների ներգրավվածության բարձրացման կառավարման համակարգ է։ Ծրագիրը կարող է միանալ կորպորատիվ փոստին և մեսինջերներին, կարող է իրականացնել աշխատակիցների հարցում։ Ստացված տվյալների վերլուծությունից հետո համակարգը աշխատակիցներին և ղեկավարությանը խորհուրդներ և նախազգուշացումներ է տալիս այն մասին, թե ինչպես ավելացնել վաճառքի ծավալները, կանխել աշխատակիցների և հաճախորդների միջև եղած տարաձայնությունները և այլն։ Համակարգը աշխատում է MS Office 365, G Suite Slack, Bitrix, Jira, GitHub և այլ կորպորատիվ համակարգերի հետ[9]։

2020 թվականին Yva.ai համակարգի երրորդ սերնդում հայտնվեցին յուրաքանչյուր աշխատակցի ազդեցիկության և հմտությունների գնահատականի հնարավորություն, ինչպես նաև ոչ ֆորմալ առաջնորդների որոշման հնարավորություն[10]։

2022 թվականին Yva.ai-ի ակտիվները գնել է կանադական Visier ընկերությունը[11]։

Հասարակական գործունեություն

  • Դավիթ Յանը «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից մեկն է։ Ինչպես նաև մասնակցել է «ԹՈՒՄՈ» նախագծին[12][13]
  • Ռուսաստանի Դաշնային հարկային խորհրդի անդամ[13]
  • «Սկոլկովո» փորձաքննական կոլեգիայի անդամ
  • Ռուսաստանի տնտեսական և նորարարական աճի մոդեռնիզացման խորհրդի անդամ[14]
  • Պարբերաբար մասնակցում է ռուսական նորարարական ծրագրերին և ստարտ-ափներին որպես ժյուրիի անդամ
  • Մասնակցել է ռուս-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությանը[14]

Պարգևներ

  • 2001 թվականին ներառվել է «Ով ով է» ամերիկյան կատալոգում
  • 2002 թվականին ճանաչվել է «Տեխնոլոգիական պիոներ» Միջազգային տնտեսական ֆորումում
  • 2001 թվականին դառնում է Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի մրցանակի դափնեկիր
  • 2001 թվականին «Նորարարական ընկերության առաջնորդ» անվանակարգում ստացել է «Արիստոս 2011» մրցանակը

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://docs.cntd.ru/document/901813305
  2. 168.am Դավիթ Յան. Մեր երազանքն է, որպեսզի բոլորը վերադառնան և փոխեն Հայաստանը
  3. «Давид Ян» (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  4. www.itel.am Դավիթ Յանի ընկերությունն ուզում է ներգրավել $10 միլիոն արտաքին շուկաներ դուրս գալու նպատակով
  5. 5,0 5,1 «Findo» (անգլերեն). Owler. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  6. «Findo станет вашим умным поисковым ассистентом благодаря приобретённым 7 миллионам долларов» (ռուսերեն). Armenian Global Community. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  7. «ABBYY создала сервис для поиска по личным документам и соцсетям» (ռուսերեն). РБК. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  8. «In EnglishНа русскомԴավիթ Յանի Findo որոնողական համակարգը $4 մլն նոր ներդրումներ է ստացել». PanARMENIAN.Net. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  9. «Давид Ян запускает проект в сфере искусственного интеллекта» (ռուսերեն). PanARMENIAN.Net. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  10. «Основатель Abbyy научил ИИ искать неформальных лидеров в коллективе» (ռուսերեն). CNews. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  11. «Канадский разработчик купил выявляющий выгорание сотрудников сервис у создателя ABBYY» (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  12. Мовсисян Лусине (24.10.2013). «Давид Ян: Наша мечта в том, чтобы люди возвращались и меняли Армению...». 168.am.
  13. 13,0 13,1 «Попечительский совет». Նորարարական կրթության զարգացման ֆոնդ. Արխիվացված է օրիգինալից 2016-09-05-ին. Վերցված է 2015-06-26-ին.
  14. 14,0 14,1 «Состав совета». ռուս-ամերիկական նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությունը. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դավիթ Յան հոդվածին