Արմեն Հակոբյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1941 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 2, 1990 (48 տարեկան) |
Վախճանի վայրը | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և Կռունկ կոմիտե |
Երեխաներ | Միհրան Հակոբյան |
Արմեն Վլադիմիրի Հակոբյան (հունիսի 17, 1941, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 1990, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Քանդակագործ Միհրան Հակոբյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947-1957 թթ. սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1961 թվականին մեկնել է Աշխաբադ։ 1962-1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1965-1968 թթ. սովորել է Դոնի Ռոստովի Գրեկովի անվան գեղարվեստական ուսումնարանի քանդակի բաժնում, միաժամանակ՝ Վորոնեժի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Վերադառնալով հայրենիք՝ 1969-1971 թթ. քանդակագործ է աշխատել Ստեփանակերտի արտադրա-ստեղծագործական կոմբինատում։ Այդ տարիներին կերտել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակի հուշարձաններ Վանք և Կեմրակուճ գյուղերում։ 1971 թվականին մեկնել է Ալթայի երկրամաս, հաստատվել Բառնաուլ քաղաքում, ապրել, ստեղծագործել մինչև 1977 թվականը։ Աշխատել է երկրամասի տարբեր արվեստանոցներում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, դասավանդել Նովոալթայսկի գեղարվեստական ուսումնարանում։ Մեծ Հայրենականին նվիրված հուշարձաններ է տեղադրել Ելցովկա և Պերվոմայսկ քաղաքներում, կոթողներ՝ մի շարք բնակավայրերում։
1977 թվականին վերադարձել է հայրենիք՝ մարզկոմի 1-ին քարտուղար Կևորկովի հրավերով։ Այդ ընթացքում տարբեր շրջաններում ղեկավարել է ԼՂ նկարիչների ստեղծագործական բաժանմունքը, այնուհետև՝ միությունը, լսելի դարձրել հայ արվեստագետի ձայնը Ադրբեջանում։ Դասավանդել է նաև Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի մանկական դպրոցում։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Մասնակցություն Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, դարձել «Կռունկ» կոմիտեի հիմնադիր-անդամներից մեկը, այդ անվան և կռունկի պատկերով կրծքանշանի հեղինակը։ Նույն թվականին Արցախի մտավորականների պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա, Կենտկոմ՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման պահանջով։
Զոհվել է 1990 թվականի հունվարի 2-ին, երբ բանակցելով, փորձել է ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը[1][2]։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին մասնակցել է Իջևանի քանդակագործական սիմպոզիումին, կերտել «Արցախ» քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի։ 1989 թվականին Ստեփանակերտում տեղադրվել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողը։
«Սումգայիթ» քանդակում սեղմ արտահայտամիջոցներով քանդակագործը կարողացել է հասնել բարձր լարվածության և հուզականության, ողբերգության բացահայտմանը։ «Ղարաբաղյան տրանսպորտ» քարի վրա քանդակը հայկական օջախի, ընտանիքի սրբության պատկերումն է և արցախցու կերտվածքի բացահայտումը։ «Երաժիշտներ» քանդակն աչքի է ընկնում պլաստիկ լուծումներով։ «Պըլը Պուղին և Մելիք Շահնազարը», «Թազբեհով ծերունին», «Հնձվորները» շնչում են մեղմ հումորով ու սիրով դեպի մարդ-արարածն ու աշխարհը։ Ազգային ու համամարդկային են «Արցախցի տատիկները», «Հայուհի», «Երեք դիմակ» քանդակները[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիշեի անվան պետական մրցանակ, 1996, հետմահու
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2001, հետմահու
- ԼՂՀ ժողովրդական նկարիչ, 2003, հետմահու
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակներից մեկը, քանդակագործ՝ Արմեն Հակոբյան
-
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթող Ստեփանակերտում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արցախում նշել են 1990 թվականի հունվարի 2-ին զոհված քանդակագործ Արմեն Հակոբյանի 70-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Армен Акопян: художник и борец
- ↑ «Ազգային ընդվզումի ու երազանքի արտահայտիչը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.