Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (ռուս.՝ Московский педагогический государственный университет), նախկինում՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան, մանկավարժական կրթության խոշորագույն կենտրոններից մեկը ՌԴ-ում։
1918 թվականին Մոսկվայի բարձրագույն իգական դասընթացները (հիմնվել են 1872 թվականին) վերակառուցվել են Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի, որի մանկավարժության ֆակուլտետի հիման վրա 1930 թվականին ստեղծվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ։ 1937-1960 թվականներին Մոսկվայի մանկավարժական ինստիտուտին են միացվել Կ․ Լիբկնեխտի անվան ինդուստրիալ-մանկավարժական, արատաբանության, Վ․ Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտները։ 1941 թվականին կոչվել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անվամբ։ Ինստիտուտի կազմում կան ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանա-քիմիական, աշխարհագրա-կենսաբանական, պատմության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուների, գեղարվեստա-գծանկարչության, երաժշտա-մանկավարժական, նախադպրոցական, մանկավարժության, արատաբանության, մանկավարժական ինստիտուտներում դասավանդողների որակավորման բարձրացման, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետներ, երեկոյան բաժանմունք, օտար լեզուներ դասավանդողների բարձրագույն մանկավարժական և արատաբանների դասընթացներ, ասպիրանտուրա, 80 ամբիոն, 7 պրոբլեմային լաբորատորիա, գրադարան (ավելի քան 1,2 միլիոն գիրք)։ Հրատարակում է «Գիտական տեղեկագրեր» (1934)։ Պարգևատրվել է Աշխատանքաժյին կարմիր դրոշի (1967) և Լենինի (1972) շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 37)։