Ընդունելով, որ պատմության օրենքները բխում են աստվածային մի սկզբնապատճառից, Վիկոն միաժամանակ առաջադրել է պատմական պրոցեսի օբյեկտիվության գաղափարը։ Նա պատմության շրջապտույտի տեսության ստեղծողն է։ Ըստ այդ տեսության, բոլոր ժողովուրդները զարգանում են պարբերաշրջանով, որը բաղկացած է երեք դարաշրջանից՝ աստվածային (անպետականություն, ենթարկվածություն քրմերին), հերոսական (արիստոկրատական պետություն) և մարդկային (դեմոկրատական հանրապետություն կամ ներկայացուցչական միապետություն), որոնք նմանեցրել է մարդու մանկությանը, պատանեկությանը և հասունությանը։ Յուրաքանչյուր պարբերաշրջան ավարտվում է տվյալ հասարակության անկումով, հասարակությունը վերադառնում է սկզբնական վիճակին, այնուհետև նորից սկսվում է շարժումը վերընթաց գծով, տեղի է ունենում նոր շրջապտույտ։ Դարաշրջանների հերթափոխությունը իրականանում է հասարակական հեղաշրջումների, տոհմական հասարակարգում ընտանիքի հայրերի և ընդոծինների, իսկ ավելի ուշ՝ ֆեոդալների և հասարակ ժողովրդի միջև պայքարի շնորհիվ։ Պետությունը առաջացել է, որպեսզի հայրերը սանձահարեն ընդոծիններին՝ ծառաներին։ Վիկոյի գաղափարները շատ բանով կանխորոշել են Յո. Գ. Հերդերի և Դ. Հեգելի պատմության փիլիսոփաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 446)։