Jump to content

Բույսերի հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսերի հիվանդություններ
Ենթակատեգորիահիվանդություն Խմբագրել Wikidata
Հետազոտվում էplant pathology Խմբագրել Wikidata
Կազմված էplant disease prevention Խմբագրել Wikidata

Բույսերի հիվանդություններ, բուսական օրգանիզմների կենսական գործառույթի խանգարում, որն առաջանում է ախտածին հարուցիչներով վարակվելուց և միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Բնորոշվում են բույսի արտաքին տեսքի և նյութափոխանակության խախտումներով։ Հիվանդություններից նվազում է բերքատվությունը, վատանում բերքի որակը, բույսերը վաղաժամ մահանում են։ Հայտնի է բույսերի 30 հզ. հիվանդություն։

Բույսերի հիվանդությունների դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առաջացման պատճառների՝ բույսերի հիվանդությունները լինում են ոչ վարակիչ և վարակիչ։ Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են հիմնականում միջավայրի անբարենպաստ պայմաններից, հանքային սննդառության պակասից, ջրային ռեժիմի խախտումից, օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխություններից։ Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են լինել նաև օդում եղած վնասակար խառնուրդները (հատկապես քիմիական գործարանների շրջակայքում), հերբիցիդների մնացորդները և այլն։

Վարակիչ հիվանդություններն առաջանում են ախտածին մանրէներից և վիրուսներից, սնկերից (ալրացողային սնկեր, ասկոխիտա, ասպերգիլ, եղջերասունկ, ժանգասնկեր, կլադոսպորիում, մրիկասնկեր, վրձնասունկ, տաֆրինային սնկեր, ֆուզարիում և այլն), փոխանցվում ու տարածվում են հողի, օդի, ջրի, մարդու, կենդանիների, միջատների և այլ միջոցներով։ Առանձնակի վտանգ են ներկայացնում անտառների հիվանդությունները, որոնք հետևանք են մեծածավալ անկանոն անտառհատումների։ Վերջիններս հանգեցնում են անտառում կլիմայական պայմանների (բարձր ջերմաստիճան, առատ լույս) և կերի հումքի (հատումների հետևանքով թափված ճյուղեր ու տերևներ) փոփոխությունների, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատու միջատների բազմացման և հիվանդությունների տարածման համար։

ՀՀ անտառներում վնասատուների վարակի օջախները տարեցտարի ավելանում են և ներկայումս կազմում են ավելի քան 30 հզ. հա, կաղնու անտառներում համատարած տերևազրկման պատճառով բնափայտի տարեկան կորուստը կազմում է մոտ 20 հզ. մ³։ Պայքարում են ագրոտեխնիկական (բույսերի աճման և զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում), քիմիական (սերմերի քիմիական ախտահանում, սրսկումներ) և ֆիզիկամեխանիկական (փոշոտումներ) միջոցներով։ Հիվանդությունների հարուցիչները մի երկրից մյուսը չփոխանցվելու համար կիրառվում են կարանտինային միջոցառումներ։

Բույսերի հիվանդությունների վիրուսային խմբի տեսակները վնասում են ծաղկավոր բույսերի տարբեր ընտանիքների ներկայացուցիչներին, ասեղնատերևներին, պտերներին, ջրիմուռներին և սնկերին։ Հաճախ խիստ նվազեցնում են գյուղատնտեսական կուլտուրաների բերքի քանակը և որակը։ Բաժանում են 2 խմբի՝ խայտաբղետություն (մոզաիկա) և դեղնախտ։

Խայտաբղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայտաբղությունների հիմնական ախտանշանը տերևների խայտաբղետ (անհավասարաչափ) գունավորումն է, որը պայմանավորված է տերևների ասիմիլյացիոն պարենքիմի բջիջների պլաստիդային ապարատում եղած փոփոխություններով։ Այս խմբի հիվանդություններից են ծխախոտի, լոլիկի, ճակնդեղի խայտաբղետությունը և ստրիգը, կարտոֆիլի կնճռապատ և զոլավոր խայտաբղետությունը ևն։ Դեղնախտերին բնորոշ են․ տերևների ընդհանուր քլորոգը, աճման խանգարումը (ոչ հազվադեպ գաճաճությունը), տերևների ոլորումը, գանգրությունը, դրանցում ածխաջրերի չափից ավելի կուտակումը, որն առաջացնում է կոշտություն և դյուրաբեկություն։ Դեղնախտերից են․ ճակնդեղի դեղնախտը, հացազգիների (դաշտավլուկազգիների) հարսնյակավորումը, կարտոֆիլի տերևների ոլորումը ևն։ Խայտաբղետությունները հեշտությամբ են փոխանցվում սածիլման, բճատման, հիվանդ և առողջ բույսերի շփման ժամանակ, երբեմն սերմերի, ինչպես նաև ծծող միջատների (օրինակ, լվիճներ) միջոցով։ Վիրուսի փոխանցումը այս դեպքում կատարվում է զուտ մեխանիկորեն։

Դեղնախտերը տարածվում են առավելապես փոխանցող-միջատներով։ Վիրուսի փոխանցումը կատարվում է կենսաբանորեն․ նախապես վիրուսը բազմանում է միջատի մարմնում (գաղտնի շրջան)։ Վիրուսային հիվանդությունների փոխանցողներից են նաև բուսակեր տզերը, նեմատոդները, ստորակարգ սնկերը։ Վիրուսների փոխանցում հնարավոր է գաղձի միջոցով։ Գրեթե բոլոր վիրուսային հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են սերունդներին, վեգետատիվ բազմացման, պատվաստումների ժամանակ։ Վիրուսները ձմեռում են բույսերի, դրանց մեռած մնացորդների, փոխանցողների, ցանքանյութի, տնկանյութի մեջ։ Բուսական հյուսվածքներում վիրուսների բազմացման արագության և հիվանդության ախտանշանների դրսևորման վրա մեծ ազդեցություն ունեն բույսի տարիքը (առավել ընկալունակ են մատղաշ բույսերը), դրանց սննդառության պայմանները և արտաքին միջավայրի այլ գործոններ։ Պայքարի միջոցառումներ, իմուն սորտերի օգտագործում, ցանքի և բերքահավաքի ժամկետների կարգավորում, ցանքատարածությունների մաքրումը հիվանդ բույսերից, պայքար հիվանդություն փոխանցողների և մոլախոտերի դեմ, պատվաստվող նյութի տաքացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 473
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 608